ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

ՈՒմ ջրաղացին են ջուր լցնում

ՈՒմ ջրաղացին են ջուր լցնում
01.03.2016 | 01:47

Սահմանադրական դատարա՞նը, թե՞ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն է որոշել գործող օրենքները կամա՜ց-կամաց համապատասխանեցնել նոր սահմանադրությանը, պարզ չէ։ Բայց եթե այս տեմպերով գործն առաջ շարժվի, երևի թե դարավերջին միայն նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի։ Օրերս ՍԴ-ն, հիմնվելով մի քանի ՀԿ-ների բողոքների վրա, որոշեց անշարժ գույքի մասին տեղեկատվության վերաբերյալ օրենքով սահմանված 1000 դրամ արժեքով տեղեկանքը չեղյալ ճանաչել, քանի որ գործող կարգը հակասում է նոր Սահմանադրությանը։ Եթե անշարժ գույքի և կադաստրի կոմիտեի ստորաբաժանումների կողմից տրամադրվող տեղեկանքի 1000 դրամ վճարը հակասում է նոր Սահմանադրությանը, ապա ինչո՞ւ ՍԴ-ն միանգամից խնդիրը համալիր չլուծեց։ Հիշեցնենք, որ տեղեկանքների դիմաց վճարները գործում են ոչ միայն այս համակարգում, այլև շատ ոլորտներում։ Նոտարական գործարքների վերաբերյալ տեղեկանքի վավերացման, պատճենի պատրաստման դեպքում վճարը կազմում է 5000 դրամ։ Պետական արխիվից որևէ տեղեկության վերաբերյալ 1-3 օրում տեղեկանք վերցնելու համար վճարվում է 3000 դրամ։ Անգամ առևտրային բանկերից սովորական կոմունալ վճարի անդորրագրի կրկնօրինակը ստանալու համար քաղաքացին վճարում է 2000 դրամ։ Այս ցանկը կարելի է անընդմեջ շարունակել։ Եթե այս մասին ՍԴ-ն չգիտեր, ապա ԱԺ պետաիրավական հանձնաժողովը իր իսկ հաստատած օրենքները լավ գիտի։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՍԴ-ում այս հանձնաժողովը, որպես պատասխանող կողմ, «բերանը ջուր առած լռեց» և չառաջարկեց մեկընդմիշտ բոլոր ոլորտներում հարցը համապատասխանեցնել նոր Սահմանադրությանը։ Թե՞ ՍԴ-ն բան ու գործ չունի, սպասում է՝ երբ կբողոքեն նոտարների, արխիվների և այլ ոլորտներում տրամադրվող տեղեկանքների վճարների դեմ։ Եթե մի փոքր էլ խորանանք, կարող է պարզվել, որ ոստիկանության, դատական համակարգում սահմանված պետտուրքերի չափերը ևս վերանայման անհրաժեշտություն ունեն։ Օրինակ, նույն ՀԿ-ները, որոնք բողոքել էին 1000-դրամանոց տեղեկանքի համար, ՍԴ-ին բողոք ներկայացնելու համար վճարել են 20000 դրամ պետտուրք։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1612

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ